2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

ԻՆՉՈ՞Ւ ՏԱՍՆԵՐՈՐԴՑԻՆԵՐԸ ՉԳԻՏԵՆ ՎԻԵՏԻ ԹԵՈՐԵՄԸ

ԻՆՉՈ՞Ւ ՏԱՍՆԵՐՈՐԴՑԻՆԵՐԸ ՉԳԻՏԵՆ ՎԻԵՏԻ ԹԵՈՐԵՄԸ
19.10.2010 | 00:00

ՀՀ կառավարության աշխատակազմի գնահատման և թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) այս օրերին հանրապետության 91 ավագ դպրոցներում իրականացնում է ընթացիկ գնահատումներ։ Այս գործընթացում ներգրավված է մոտ 10 հազար 500 աշակերտ։ Նախնական արդյունքների և կրթական որակի մասին ենք զրուցում ԳԹԿ տնօրեն ԳՈՒՐԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ։
-Կրթության որակն այսօր ամբողջ աշխարհում ուշադրության առարկա է,- շեշտում է Գուրգեն Խաչատրյանը։- Հայաստանում սեպտեմբերին տեղի ունեցավ կրթության և գիտության նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում զեկուցմամբ հանդես եկա նաև ես՝ ներկայացնելով գիտելիքների արտաքին գնահատման գործընթացը հանրակրթական դպրոցներում։ Իմ զեկուցումը վերաբերում էր նախորդ ուսումնական տարում դպրոցներում անցկացված ընթացիկ գնահատումներին։ Կարելի է ասել, որ կարևորվեցին այդ գնահատումները՝ որպես կրթական որակի ստուգման գործիք։ Ըստ էության, խրախուսվեց, որ նման ստուգումները լինեն է՛լ ավելի ակտիվ։ ՈՒստի ԳԹԿ-ն սեպտեմբերի 27-ից սկսել է այդ ուղղությամբ աշխատանքները։ Առաջին խնդիրը, որ մենք դրել ենք մեր առջև, հանրապետության 91 ավագ դպրոցների 10-րդ դասարան ընդունված աշակերտների նախնական գիտելիքների ստուգումն է, որպեսզի կարողանանք ընդհանուր պատկերացում կազմել, թե ինչ նախնական բազայով են այդ երեխաները եկել ավագ դպրոց, և հնարավորություն ունենանք հետագայում հետևելու նրանց կրթական զարգացմանը։ Այս գործընթացը կիրականացվի երեք տարի շարունակ, և մենք կունենանք ավագ դպրոցների շրջանավարտների զարգացման դինամիկայի հստակ պատկեր։
-Ընթացիկ գնահատումներ բոլո՞ր առարկաների գծով եք իրականացնում։
-Ծավալը բավականին մեծ է, և միանգամից այդ ծավալով աշխատանքներ տանելու հնարավորություն չունենք։ Այս տարի գործընթացն սկսել ենք «Հայոց լեզու, հայ գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաներից։ Արդեն եղել ենք հանրապետության բոլոր մարզերում։ Այս շաբաթ ընթացիկ գնահատումներ կանցկացնենք նաև Երևանի ավագ դպրոցներում։ Մայրաքաղաքում այդ գործընթացը կիրականացվի երկու փուլով։ Յուրաքանչյուր փուլն անցկացնելու համար անհրաժեշտ է 80 կազմակերպիչ։ Մենք ունենք 50-60 մասնագետ։ Հարցը լուծելու համար դիմել ենք կրթության և գիտության նախարարությանը, անհրաժեշտության դեպքում կդիմենք նաև Երևանի քաղաքապետարան, որպեսզի ունենանք օբյեկտիվ պատկեր։
-Մարզերում գնահատումներ արդեն անցկացվել են։ Մոտավոր պատկերն ինչպիսի՞ն է։
-Աշխատանքները դեռ ստուգվում են։ Քանի որ դրանք միայն ընտրովի պատասխաններով առաջադրանքներ չեն, միայն մեքենայական ստուգում չէ, ուստի ընդհանուր պատկերն ունենալու համար ժամանակ է պահանջվում։ Այնուամենայնիվ, նշեմ, որ նախնական տվյալները հուսադրող չեն։ Գիտելիքների մակարդակը բավականին ցածր է։ Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ որոշ դպրոցներում նույնպես սեփական նախաձեռնությամբ կազմել էին թեստեր՝ ստուգելու ավագ դպրոց ընդունված երեխաների գիտելիքները։ Այս թեստերը համեմատեցինք, և պետք է ասել, որ ուսուցիչների ու ԳԹԿ-ի կազմած թեստերը գրեթե նույն մակարդակն ունեին, այսինքն, մտավախություն, որ մեր կազմած թեստերը գուցե բարդ են, չկա։ Մի քանի մարզերում անձամբ եմ հետևել գործընթացին. թեստերը լրացնող երեխաները բավականին քիչ էին։ Երբեմն ընդհատել եմ, գրատախտակին գրել քառակուսի եռանդամ և հարցրել Վիետի թեորեմը. ամբողջ դասարանից լավագույն դեպքում մեկ աշակերտ է պատասխանում։ Մինչդեռ դա քառակուսային հավասարումների ուսումնասիրման առանցքային հարցերից մեկն է։
-Փաստորեն, խնդիրը գալիս է հիմնական դպրոցից։ Ձեր դիտարկումներն ու վերլուծություններն արդյո՞ք լրջությամբ ուսումնասիրվում են։
-Ստուգումներից հետո ԳԹԿ վերլուծական բաժինն իր հետևությունները կանի։ Նախորդ տարվա ընթացիկ գնահատումների արդյունքներն ու վերլուծություններն ուղարկել ենք և՛ կառավարություն, և՛ Ազգային ժողով, և՛ մարզպետարաններ՝ հետևություններ անելու։ 10-րդ դասարաններում ստուգումներ անցկացնելուց հետո հաջորդ «թիրախը» լինելու են հանրապետության 5-րդ դասարանի աշակերտները։ 5-րդ դասարանում նույնպես ստուգելու ենք աշակերտների գիտելիքները «Մաթեմատիկա» և «Հայոց լեզու, հայ գրականություն» առարկաներից։ Զուգահեռ կանցկացնենք նաև ընթացիկ գնահատումներ օտար լեզվից 6-րդ դասարաններում։ Նոյեմբերին նախատեսել ենք անցկացնել ազգային ստուգատես «Պատմություն» առարկայից, իսկ դեկտեմբերին կստուգվեն 8-րդ դասարանցիների գիտելիքները բնագիտական առարկաներից (քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, աշխարհագրություն)։
-Սովորաբար այս ամիսներին ԳԹԿ-ն աշխատանքներ է տանում ուղեցույցների մշակման ուղղությամբ։ Գործընթացն արդեն սկսվե՞լ է:
-ՈՒղեցույցներին մենք անդրադառնելու ենք, մանավանդ, միասնական քննությունների ընթացքում հայոց լեզվի, հայ գրականության թեստերի շուրջ բարձրացված աղմուկն աչքի առաջ ունենալով։ Բանն այն է, որ ավագ դպրոցում դեռևս հստակեցված չեն ծրագրերը, դասագրքերը։ Այս հստակեցումներին զուգահեռ կանդրադառնանք նաև ուղեցույցներին։
-ՀՀ վարչապետը վերջերս կառավարության նիստում նշեց, որ նպատակահարմար է վերացնել միասնական քննությունները, և բուհական ընդունելության պատասխանատվությունը դնել բուհերի վրա։ Ձեր կարծիքով` նման մոտեցումը որքանո՞վ է արդարացված։
-Մենք կառավարությանը ենթակա կազմակերպություն ենք և սովոր ենք կարգապահ լինել ու ենթարկվել մեր ղեկավարության ցուցումներին։ Փորձը ցույց կտա, թե ընդունելությունը բուհերին վստահելը որքանով արդարացված կլինի։ Գուցե արժե փորձել։
-Սա նշանակում է, որ հետագա ուշադրությունը սևեռելու եք ընթացիկ գնահատումների՞ն։
-Կրթության առաջ ծառացած մեր հիմնական խնդիրը որակի ստուգումն է, առկա վիճակը գնահատելն ու հետևություններ անելը, միջազգային կրթական դաշտին ինտեգրվելը։ Այդ խնդիրների լուծման ուղղություն էր համարվում նոր, անկախ մարմնի ստեղծումը։ Այդ անկախ մարմինը ԳԹԿ-ն է, որի նպատակը բոլորովին էլ չի եղել միասնական քննությունների անցկացումը։ Մեր խնդիրը կրթական հաստատությունների սովորողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների գնահատման իրականացումն ու դպրոցի հետ հետադարձ կապի ապահովումն է, որպեսզի հնարավորինս բարելավվի կրթական մակարդակը։
Զրույցը` Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2202

Մեկնաբանություններ